Հանձնաժողովներ

Հանձնաժողովներ

Ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը իր ներդրումն է ունենում պոլիտեխնիկցի ուսանողների մշակութային ակտիվ կյանքի ապահովման գործում։ Հանձնաժողովը իր մեջ ներառում է արդեն բավականին ելույթներով հանդես եկած «Պոլիտեխնիկ բենդ» երաժշտական խումբը։ Ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը կազմակերպում և իրականացնում է ամենամյա «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխության» մշակութային համարները, ներկայացրել է համալսարանը տարբեր միջբուհական մրցաշարերում։

Մշակութային հանձնաժողովում իրենց գործունեությունը կարող են ծավալել մշակութային տաղանդներ և հետաքրքրություններ ունեցող ուսանողները, ովքեր ունեն ստեղծարար միտք և պատրաստ են ինքնաբացահայտման։

Ինտելեկտուալ հանձնաժողովի նպատակն է ՀԱՊՀ-ում կազմակերպել ինտելեկտուալ մրցաշարեր, տարբեր ֆորմատի ինտելեկտուալ խաղերի միջոցով համալսարանի ուսանողությանը պատրաստել միջբուհական ինտելեկտուալ մրցաշարերին։ Ինտելեկտուալ խաղերը մտածողությունը դարձնում են ավելի ճկուն և ստեղծարար, ուսանողին օգնում են զարգացնել ոչ միայն մասնագիտական, այլ նաև ընդհանուր բնույթի գիտելիքները։ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովը իր գործունեության ընթացքում մեր համալսարանը հաջողությամբ ներկայացրել է տարբեր հարթակներում՝ պահպանելով Պոլիտեխնիկի ինտելեկտուալ համբավը։

Ուսանողական խորհուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև արտահամալսարանական կապերին։ Արտաքին կապերի հանձնաժողովը աշխատում է կրթական ոլորտի այլ կազմակերպությունների ու միությունների հետ համագործակցության շուրջ, գտնում է լավագույն ծրագրերն ու նախագծերը, որոնց հնարավորություն ունեն մասնակցել նաև պոլիտեխնիկցիները։

Մեր հայրենիքի պարագայում հայրենասիրությունը ազգային կարևորություն ունեցող հասկացողություն է։ Երիտասարդ սերնդի համար առավելապես կարևոր է ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու խորը գիտելիքները։ Ազգային հայրենասիրական հանձնաժողովի նպատակն է անմասն չթողնել պոլիտեխնիկցիներին ազգային տոներից, հերոսների հիշատակի օրերից, հայրենիքին նվիրված միջոցառումներից։ Հայրենասիրական հանձնաժողովի կազմում կարող է իր գործունեությունը ծավալել ցանկացած ուսանող, ով հետաքրքրություն է ցուցաբերում ազգային արժեքների և գաղափարախոսության նկատմամբ։

Ուսանողի խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումներ փնտրելու պրոցեսում ակնհայտ է դառնում սոցիալական խնդիրների կարևորությունը։ Ցանկացած երկրում և հասարակությունում բոլոր շերտերը ունեն սոցիալական տարատեսակ խնդիրներ, որոնք ամենանուրբ ու հետևողական մոտեցումն են պահանջում։ Հանձնաժողովի աշխատանքները միտված են ՀԱՊՀ ուսանողության շրջանում սոցիալական տարատեսակ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը։

Տեխնիկական բուհում առանձնահատուկ նշանակություն ունի թատերական հետաքրքրություններ և դերասանական տաղանդներ ունեցող ուսանողներին ցուցաբերված ուշադրությունը։ Թատրոնի և կինոյի հանձնաժողովի նպատակն է կազմակերպել թատերական ներկայացումներ, նկարահանել կարճամետրաժ և ուսուցողական ֆիլմեր օգտագործելով բացառապես պոլիտեխնիկցի ուսանողների տաղանդները։ Բուհի  յուրաքանչյուր ուսանող կարող է փորձել բարելավել իր թատերական ունակությունները կամ ուղղակի ներկա գտնվել հանձնաժողովի բեմադրած ներկայացումներին։

Սպորտը և առողջ ապրելակերպը հատկապես կարևոր են երիտասարդ տարիքից։ Պոլիտեխնիկի բազմաթիվ շրջանավարտներ շարունակել իրենց կարիերան պրոֆեսիոնալ սպորտում, իսկ սիրողական սպորտով զբաղվում են ուսանողների մեծամասնությունը։ Սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովը կազմակերպում տարատեսակ սպորտային մրցաշարեր։ Կազմակերպման հարցում հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է նաև սպորտաձևերի ֆեդերացիաների հետ՝ հրավիրելով մրցավարների և ներկայացուցիչների։ Ամենամյա «Պոլիտեխնիկական խաղերում» և «Միասնության Ուժը» հավաքում սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովը կազմակերպում է ավելի քան 20 սպորտային մրցույթներ։

Լրատվությունը շատ կարևոր է ցանկացած կառույցի աշխատանքի ներկայացման համար և ցանկացած միջավայրում տեղեկատվության արագ ու արդյունավետ փոխանցման համար։ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովը տեղեկատվության տարածումը իրականացնում է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պաշտոնական կայք էջի, ՀԱՊՀ ՈւԽ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի, ՀԱՊՀ ՈւԽ Տելեգրամի պաշտոնական զրուցարանի և ՀԱՊՀ ՈւԽ «Ճարտարագետ» ամսագրի միջոցով։ Տեղեկատվության հաղորդման եղանակները բազմազանության միջոցով ապահովվում են առավելագույն լսարան ուսանողության շրջանում։ Հանձնաժողովը իր աշխատանքներում ընդգրկում է լրագրողների, ֆոտոլրագրողների, մոնտաժողների, համակարգչային դիզայներների և վեբ-ծրագրավորողների։

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը դարձել է բրենդ Հայաստանյան ուսանողական դաշտում։ Ուսանողական խորհրդի ցանկացած նախաձեռնություն առանձնանում է իր յուրօրինակ, ոճային և գաղափարական բրենդինգով։ Բրենդինգի հանձնաժողովը յուրաքանչյուր նախաձեռնության համար ընտրում է ներկայացման լավագույն եղանակները, քննարկում ծրագրի գաղափարական հիմքը ուսանողին փոխանցելու լավագույն եղանակները։ Բրենդինգի հանձնաժողովը իր շուրջ է համախմբում ամենաստեղծարար ուսանողներին։

Տեղեկատվության մատուցումից բացի առանցքային նշանակություն ունի նաև ինֆորմացիայի թիրախ խմբերին հասցնելու աշխատանքը։ Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովը, ուսումնասիրելով ուսանողական դաշտի հետաքրքրությունները, բացահայտում է լավագույն ուղիների ուսանողներին տեղեկացնելու առաջիկա ծրագրերի, միջոցառումների, վերջնաժամկետների մասին։ Հանձնաժողովում ընդգրկված ուսանողները, որպես կանոն աշխատում են ուսանողության ամենամեծ կազմի հետ։