Պոլիտեխնիկի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի հարցազրույցը հեռավար դասապրոցեսների և քննաշրջանի մասին

Պոլիտեխնիկի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի հարցազրույցը հեռավար դասապրոցեսների և քննաշրջանի մասին

«Կորոնավիրոսային հիվանդության» համավարակով պայմանավորված, ՀՀ հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատությունները դասերը կազմակերպում են հեռավար գործիքամի օգնությամբ։ Վերջինից բխող մի շարք հարցերի, այդ թվում քննաշրջանի վերաբերյալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահը զրուցել է ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի հետ։

1․ Տիկին Բաղդասարյան, նախ շնորհակալություն եմ հայտնում ուսանողությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Հայտարարություն է տարածվել, որ ամառային քննարշրջանը տեղափոխվում է օգոստոս, կցանկանայինք տեղեկանալ, թե որն էր նման որոշման պատճառը։

– 2019/20 ուս. տարվա ամառային քննաշրջամը բակալավրի առկա ուսուցման 1-ից 3-րդ և մագիստրոսի 1-ին կուրսի համար կազմակերպվելու է օգոստոսի երրորդ, իսկ հեռակա ուսուցման 1-ից 4-րդ կուրսի ուսանողների համար՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակներում: Հիմնական պատճառը թերևս ուսանողների համար պետության կողմից ուսման վճարի փոխհատուցման մրցույթի (ռոտացիա) մասնակցության առավել բարենպաստ և հնարավորինս անաչառ պայմանների ստեղծումն է: Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետում հանձնված քննությունների և ստուգարքների ար­դյունք­նե­րով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային հի­մուն­ք­ներով: Դա նշանակում է, որ ամառային քննաշրանում ուսանողների ստացած գնահատականները զգալի ազդեցություն կարող են ունենալ ռոտացիայի արդյունքի վրա: COVID-19-ով պայմանավորված արտակագ  դրության հայտարարման պայմաններում ուսումնառության կազմակերպման համար առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով ՀԱՊՀ անցավ ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առցանց կազմակերպմանը տարբեր էլեկտրոնային միջոցների կիրառմանը (հիմնականում iUniversiti, Zoom և Moodle): Ինչպես առանձին դասախոսներ, այնպես էլ ուսանողներ միանգամից չադապտացվեց առցանց ուսուցմանը, ինչը առավելապես պայմանավորված է տեխնոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկություններով: Վստահ կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է աստիճանաբար հաղթահարել ստեղծված դժվարությունները ի հաշիվ  ուսումնական պարապմունքների երկարաձգման և իրականացվող լրացուցիչ դասընթացների ու խորհրդատվությունների:

Քննաշրջանի տեղափոխումը հնարավորություն կտա առավել հանգամանալից պատրաստվել, առկա ուսուցման համակարգում սովորողների համար ապահովել անվճար ուսուցման համակարգի անցման բարենպաստ մրցակցային պայմաններ:

 

2. Դասապարապունքների որոշ հատված կիսամյակի ընթացքում իրականացվել է ոչ լիարժեք։ Ինչպե՞ս են լրացվելու բաց թողնված դասերը տրված ժամանակահատվածում, եթե դասախոսները նույնպես պետք է արձակուրդ գնան։ Արդյոք կիրառվելու է անհատական մոտեցում նման պարագայում։

 Բաց թողնված դասերը հիմնականում լաբորատոր դասընթացներին են վերաբերում: Այդ բացը լրացնելու համար  բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ից 3-րդ և հեռակա ուսուցման 1-ից 4-րդ կուրսերի ուսումնական պարապմունքների ավարտի ժամկետը երկարաձգվել է 3 շաբաթով՝ մինչև հունիսի 19-ի:

Այդ ժամանակահատվածում իրականացվելու են առարկայական ծրագրերով նախատեսված և արտակարգ դրության հետևանքով չիրականացված լաբորատոր պարապմունքներ, ինչպես նաև դասացուցակով նախատեսված դասընթացների խորհրդատվություններ:

 

3. Արդյոք օգոստոս ամսին նույնպես քննությունները կանցկացվեն առցանց հարթակում, թե հնարավոր է ներկայությամբ քննությունների անցկացումը։

Քննությունների անցկացման ձևը պայմանավորված է տվյալ պահին երկրում տիրող  համաճարակային վիճակով: Համալսարանը պետք է պատրաստվի քննությունների անցկացման ինչպես առցանց, այնպես էլ ներկայությամբ ձևերին: Անշուշտ նախընտրելի է  ներկայությամբ:

 

4. Եթե քննությունները անցկացվելու են առցանց, ապա պահպանվելու է արդյոք մինչ այժմ հարթակում կիրառված թեստավորման տարբերակը և ինչպես է այն համապատասխանեցվելու բոլոր առարկաների քննական պահանջներին։

Մինչ այժմ հարթակում կիրառված թեստավորման տարբերակում յուրաքանչյուր թեստի ճիշտ պատասխանը գնահատվում է 5 միավոր, ինչը ենթադրում է, որ մեկ սխալի պարագայում ուսանողը կորցնում է 5 միավոր: Եթե քննություններն անցկացվեն առցանց՝ թեստային տարբերակով, ապա տրամաբանական եմ համարում վերանայել թեստերի քանակն ու դրանց տրվող միավորը:

 

5. Առցանց կրթության պարագայում կարող է խախտվել անաչառության շեմը՝ ուսանողները կարող են օգտվել աղբյուրներից, օգնել միմյանց և այլն։ Ինչպե՞ս են կարգավորվելու նմանատիպ հարցերը և ինչպե՞ս է ռոտացիան մնալու արդարացի։

Անաչառությունը հնարավոր է ապահովել, եթե կազմվեն բովանդակային առումով լավ թեստեր, եթե հարցատոմսերը ընդգրկեն հարցեր առարկայական ծրագրով նախատեսված բոլոր թեմաներից: Հարցի կամ թեստի ճիշտ կառուցման դեպքում, բավարար գիտելիք չունեցող ուսանողը չի կարող է օգտվել տարբեր աղբյուրներից, այսինքը նրա փնտրտուքը ապարդյուն է լինելու:

 

6. Արդյոք արդեն կա հաստատված գնահատման մեթոդ բոլոր առցանց քննությունների համար։

 Համալսարանում կիրառվում է «Ուսանողների գիտելիքների հսկման և գնահատման ռեյթինգային համակարգ»-ի կանոնակարգը:  Արտակարգ իրավիճակի պայմաններում Համալսարանի Գիտական խորհուրդը չեղարկել է միջանկյալ քննություններն ընթացիկ կիսամյակի համար և որոշում է կայացրել  ուսանողների գիտելիքների կիսամյակային գնահատումն իրականացնել բացառապես քննաշրջանային ամփոփիչ քննությունների կազմակերպմամբ՝ կիրառելով գումարային 100 միավորանոց ռեյթինգային սանդղակը։

 

7. Արդյո՞ք գոյություն ունի վերահսկման միջոց, որով հնարավոր է ստուգել, թե արդյո՞ք դասախոսը կիսամյակի ընթացքում դասավանդել է առարկայի ողջ նյութը, թե՞ տրամադրելով միայն առարկայական ծրագրի որոշ հատված քննությանը պահանջել է հենց այդ հատվածի իմացությունը։

Անշուշտ դրա հնարավորությունը կա, ընդ որում շատ պարզ մեխանիզմի կիրառմամբ: Քննական տոմսերը, հարցաշարերը և ուսանողին մատուցված նյութը պետք է համադրվեն համապատասխան ամբիոնի վարիչի կողմից, ում նշագրումից հետո կարող է հարցաշարը, հարցատոմսը կիրառության մեջ դրվել: Վերջինիս իրականացման հնարավորությունը արձանագրված և կանոնակարգված է համապատասխան փաստաթղթերով:

 

8. Քանի որ վերջին ժամանակներում համալսարանում կիսամյակային գնահատականի բավականին հատված ձևավորվել է լաբորատոր և գործնական աշխատանքներից մեծ կախվածություն ունենալով, ինչպե՞ս է կարգավորվելու լաբորատոր աշխատանքների բացը առցանց գնահատման պարագայում։

Համաձայն համալսարանում գործող կարգի միջանկյալ ստուգուման միավորը ձևավորվում է լաբորատոր և գործնական  աշխատանքների կատարողականների և մնացորդային գիտելիքների ստուգման միավորների հանրագումարով: Ինչպես նշեցի այս կիսամյակում քննական միավորը բացառապես ձևավորվելու է ամփոփիչ քննության արդյունքում, որի դեպքում չնայած լաբորատորի կատարողականով գնահատականը չի ձևավորվում, սակայն լաբորատոր աշխատանք չկատարած և չհանձնած ուսանողին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Նշված կարգը հաամալսարանում գործում է տարիներ ի վեր:

Ուսանողի գործնական կարողությունները ստուգվում են նաև  հարցատոմսում ներառված համապատասխան հարցերի միջոցով:

 

9. Ինչպե՞ս է լրացվելու լաբորատոր աշխատանքներով հագեցված առարկայական ծրագրերի բացը։

Լինելով տեխնոլոգիական բուհ մենք կարևորում ենք տեսական գիտելիքների յուրացմանը նպաստող լաբորատոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Լաբորատոր աշխատանքներով հագեցված առարկայական ծրագրերի բացի լրացուման նպատակով Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ից 3-րդ և հեռակա ուսուցման 1-ից 4-րդ կուրսերի ուսումնական պարապմունքների ավարտի ժամկետը երկարաձգվել է 3 շաբաթով՝ մինչև հունիսի 19-ի: Ի դեպ դրա իրականացման համար մշակվել է մեթոդակարգ և այսօր կարող եմ արձանագրել գործընթացը ընթանում է բավականին արդյունավետ: Կուզենայի հիշեցնել ուսանողներին, որ համաձայն Հանալսարանում գործող կարգի տվյալ դասընթացից նույնիսկ մեկ աշխատանք չկատարած ուսանողը չի թույլատրվում մասնակցելու տվյալ առարկայի քննությանը: Երկարաձգված ժամանակահատվածում նախատեսվել են նաև լրացուցիչ  պարապմունքներ մինչ արտակարգ դրությունը լաբորատոր աշխատանքներին  չմասնակցած ուսանողների համար:

 

10. Վարձի վճարումը նախկինում պարտադիր էր մինչև քննաշրջանի մեկնարկը։ Արդյո՞ք հիմա նույնպես այն պարտադիր է մինչև օգոստոս։

Ուսման վարձի վճարման առումով Համալսարանը կիրառում է ուսանողների նախընտրած ձևը: Ուսանողների մի մասը կնքել է ամսական վճարման պալմանագիր, իսկ մյուսները որոշել են վճարումը իրականացնել բուհ ընդունվելուց կնքած պայմանագրով: Այնուամենայնիվ, ուսանողներրը ովքեր չեն վճարել ուսման վարձի 50-ից ավելին չեն կարող մասնակցել ստուգարքների հանձնմանը: Ինչ վերաբերում է Քննաշրջանին, ապա մինչև նախավերջին քննությանը կարող են մասնակցել 50 տոկոսը գերազանցող ուսման վարձավճար կատարած ուսանողները, իսկ վերջին քննությանը կթույլատրվեն՝ ամբողջական վճարում կատարած ուսանողները:

 

11. Քանի որ քննությունները տեղի են ունենալու նաև սեպտեմբերին, ապա հնարավոր է լինեն ուսանողներ, ովքեր սեպտեմբերին կշարունակեն կրթությունը հաջորդ կիսամյակում, սակայն քննությունների արդյունքում չեն փոխադրվի հաջորդ կիսամյակ, ինչպե՞ս է համակարգվելու այդ պրոցեսը։

Սովորաբար քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման գործընթացը ընթանում է հաջորդ կիսամյակ դասերին զուգահեռ և դա երբէ չի խոչնդոտել հետագա ուսումնական գործառույթների իրականացմանը:

 

12. Քննությունների համար հարթակում նախատեսված է 40 րոպե, իսկ ինչպե՞ս են կազմակերպվելու ավելի մեծ ժամանակ պահանջող քննությունները։

 40 րոպե տևողությամբ և ընդամենը 20 թեստ ընդգրկող հարցատոմսերով քննությունները կազմակերպվել է ավարտական խմբերի ուսանողների համար, ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից: Անշուշտ այդ ձևաչափը ամառային քննաշրջանում կիրառման համար աննպատակահարմար է և վերանայման կարիք ունի:

 

13. Արձակուրդների ընթացքում դասերի վերաբերյալ հարցերի դեպքում կազմակերպվելու է արդյո՞ք հնարավորություն դիմելու դասախոսներին։

Պոլիտեխնիկի դասախոսների մշտապես հասանելի են լինելու ուսանողների համար: Համենայն դեպս մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Առանձին դեպքերում դասավանդվող դասախոսի անհասանելիության դեպքում ուսանողները համապատասխան ամբիոնի միջնորդությամբ կարող են ստանալ այլ դասախոսի դիմելու  և իրենց հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու հնարավորություն:

 

14. Պրակտիկաները անցկացվելու են աշնանային կիսամյակում՝ դասապրոցեսի հետ համատեղ։ Ինչքանո՞վ է դա հնարավոր և արդյո՞ք ուսանողներին չի խանգարի մի կիսամյակում ծանրաբեռնվածության ավելացումը։

Արտադրական պրակտիկայի անցկացումը աշնանային կիսամյակում COVID-19-ով պարտադրված քայլ է: Համաձայն հաստատված ժամանակացույցի, այն պետք է կայանար հունիսի 29-ից հուլիսի 17-ը: ՀԱՊՀ ուսանողների արտադրական պրակտիկան իրականացվում է տարբեր արտադրական ձեռնակություններում, ընկերություններում որոնք ստեղծված արտակարգ իրավիճակում անվտանգային պայմանների ապահովման խնդիրներ ունեն՝ հատկապես սոցիալական հեռավորության ապահովման տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է, կիսամյակային ծանրաբեռնվածության ավելացմանը, ապա տեղեկացնում եմ, որ ուսումնական պարապմունքներին զուգահեռ պրակտիկայի անցկացման ձևը երկար տարիներ է, ինչ հաջողությամբ կիրառվում է մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար: Միաժամանակ հիշեցնում եմ, որ չնայած ուսումնական պարապմունքների երեքշաբաթյա երկարաձգմանն այնուամենայնիվ պրակտիկա ունեցող 3-րդ կուրսեցիների արձակուրդների շաբաթների թիվը նման ձևաչափի կիրառման դեպքում ավելացել է: