«Միասնության ուժ»-ում այս տարի հիմքը դրվելու է ռազմական գործի և կրթության վրա․ «Դպրություն»

«Միասնության ուժ»-ում այս տարի հիմքը դրվելու է ռազմական գործի և կրթության վրա․ «Դպրություն»

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի անմահացած հերոսների հիշատակին է նվիրվելու «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը։

Այն կանցկացվի օգոստոսի 2-7-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնա-մարզաառողջարանական ճամբարում։ Կազմակերպիչների նպատակն է երիտասարդների մեջ զարգացնել միասնության ու թիմային պայքարի գաղափարը, ինչպես նաև նպաստել ռազմական կրթության մակարդակի բարձրացմանը։

Արցախի հերոս Էգդար Մարկոսյան. «Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի մոտավորապես 200 ուսանող է մասնակցում այս հավաքին, և եթե յուրաքանչյուրը իր շրջապատում գոնե 10 հոգու պատմած լինի, կարող ենք ասել , որ այսօր ունենք մոտ 10 000 գաղափարակից ընկերներ, որոնք այսօրվա սերունդն են, որոնք մեր հայրենիքի զարգացնողն ու պաշտպանն են»,- ասում է Էգդարը։ Արցախի հերոսը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո հավաքի շեշտն ավելի շատ դրվելու է ռազմական գործի, ռազմական կրթության զարգացման վրա։ Հավաքի ընթացքում ուսումնասիրելու են ռազմական առարկաներ, գիտելիքներ։ ։ Էդգարը խոստովանում է, որ ճամբարային կյանքն իրեն օգնել է նաև ռազմի դաշտում։

ՀՊԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյան․ «Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է հիշել և ընդունել այն հավատամքն ու հայրենասիրությունը, որով շարժվել են մեր պապերն ու մեր հայրերը, մեր ընկերները, որոնք ոչինչ չխնայելով մեկնել են ռազմադաշտ։ Այս տարի հավաքի շեշտադրումը ռազմական կրթության և դաստիարակության վրա է։ Համագործակցում ենք ՊՆ-ի և ԱԻՆ-ի հետ»։

ՀՊԱՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Ռաֆայել Թովմասյան․ «Մի թեմա կա, որ մեր հանրության մեջ տաբու է, բայց դա իրողություն է։ Նախորդ հավաքներից պարզ դարձավ, որ մեր երիտասարդությունը չգիտի մեր հերոսներին։ Ճանաչում են միայն նրանց, ում մասին խոսում են սոցհարթակներում, լրատվականները։ Տաբուն հենց սրանում է։ Մի միջոցառման ավարտից հետո մոտեցա հերոսի հորը, սրտնեղած ասելով՝ մի բան անում ենք, ինքներս էլ չգիտենք ՝ ճի՞շտ է, սխա՞լ է, դա ինչ-որ բան ծնողների ներսում թողնո՞ւմ է, չի՞ թողնում։ Հերոսի հայրը բովանդակային մի գաղափար փոխանցեց, ասելով՝ ծնողի համար ամենակարևորն է գտնել ինչ-որ մի հարթակ, որտեղ իր ընկած որդու անունը կհիշատակվի։ Ընդամենը։ Ոչ ավելին․․․»։ Ռաֆայելը նշում է, որ պատերազմից հետո ուսխորհուրդը ստեղծեց պոլիտեխնիկի ընտանիքի երախտիքը հավաստիացնող մեդալներ` ընկած եղբայրների, ընկերների անունները հիշատակելու համար։ Մեդալները հանձնվեցին ծնողներին, որպես երախտիքի մի փոքր նշան։