«Պոլիտեխնիկական  մրցանակաբաշխություն-2017»

«Պոլիտեխնիկական  մրցանակաբաշխություն-2017»

Դեկտեմբերի 26-ի երեկոյան Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմակերպած «Ամանորը Պոլիտեխնիկում» խորագրով  տոնական «Պոլիտեխնիկական  մրցանակաբաշխություն-2017»-ը: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ամենամյա, այս տարի առաջին անգամ մրցանակներ տրվեցին համալսարանի աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններին: Մրցանակաբաշխության անվանակարգերն էին՝ «Լավագույն դասախոս», «Գիտական ձեռքբերում», «Ուսումնական ստորաբաժանման լավագույն արդյունք ցուցաբերած ղեկավար», «Լավագույն վարչական աշխատակից», «Լավագույն գործընկեր կազմակերպություն», «Հասարակական լավագույն ակտիվություն», «Լավագույն մարզիկ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Քոլեջի լավագույն ուսանող» և Ավագ դպրոցի «Լավագույն աշակերտ»։ Այս տարի նորույթ էր և որպես խրախուսանք մրցանակաբաշխությունում ավելացվել էին «Հասարակական լավագույն ակտիվություն» և «Լավագույն մարզիկ» անվանակարգերը: Մրցանակները հանձնեցին ռեկտոր Ո. Մարուխյանը, ԱԺ պատգամավորներ Ս. Նիկոյանը, Կ. Ավագյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը և ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Ո.Մարուխյանը: Շնորհավորելով ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով, ռեկտորը խոսեց Պոլիտեխնիկական համալսարանի անցնող տարվա ձեռքբերումների և ապագա անելիքների մասին: «Ավարտին է մոտենում 2017թ.-ը՝ «Պոլիտեխնիկ»-ի կյանքում բազմաբնույթ իրադարձություններով, միջոցառումներով առլեցուն տարին, և առջևում է մեր հաստատության հիմնադրման 85-րդ հոբելյանական տարեդարձը: Հետահայաց արժևորելով անցնող տարին, կարող ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ մեր համալսարանի համար այն ձեռքբերումների ու արգասաբեր տարի էր»:
Այնուհետև ռեկտոր Ո.Մարուխյանը մրցանակներ հանձնեց «Լավագույն դասախոս», «Գիտական ձեռքբերում», «Ուսումնական ստորաբաժանման լավագույն արդյունք ցուցաբերած ղեկավար», «Լավագույն գործընկեր կազմակերպություն» անվանակարգերում հաղթող ճանաչված անձանց: «Լավագույն դասախոս» մրցանակին արժանացավ Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ Սեյրան Ավետիսյանը: «Գիտական ձեռքբերում» մրցանակը շնորհվեց նույն ինստիտուտի Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Օլեգ Գասպարյանին, «Ուսումնական ստորաբաժանման լավագույն արդյունք ցուցաբերած ղեկավար»՝ Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանին, «Լավագույն գործընկեր կազմակերպություն»՝ Ա.Մարգարյանի անվան «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Բաղդասարյանին: Վաստակագրով պարգևատրվեց «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռաֆայել Չիթչյանը:
«Պոլիտեխնիկ մրցանակաբաշխության» արդյունքներով «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էլեն Աստեյանը, «Լավագույն բակալավր» ճանաչվեց՝ Անուշիկ Պապյանը, «Լավագույն մագիստրոս»՝ Կամո Պետրոսյանը, «Քոլեջի լավագույն ուսանող»՝ Վահրամ Մելքոնյանը, «Լավագույն մարզիկ»՝ Սոնա Ասատրյանը: Հաղթողները պարգևատրվեցին ՀԱՊՀ-ի Ուսխորհրդի Ոսկե հուշամեդալներով, իսկ անվանակարգերում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Մրցանակաբաշխության ժամանակ 8 ուսանողների շնորհվեցին ՀԱՊՀ ՈւԽ-ի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներ, որով պարգևատրվում են այն ուսանողները, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը: Ուսանողական խորհրդում իրենց ունեցած ավանդի համար 2017 թվականին Սպիտակ դիպլոմի արժանացան՝ Խաչիկ Մանուկյանը, Ամալյա Ալոյանը, Էդգար Ումրիկյանը, Դավիթ Պողոսյանը, Կարեն Մելիքյանը, Ռաֆայել Թովմասյանը, Միքայել Մարտիրոսյանը, Հովհաննես Այնաջյանը:
Սպիտակ դիպլոմները ուսանողներին հանձնեց ՀԱՊՀ-ի ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը։
Այնուհետև ՈւԽ նախագահ Գ.Հարությունյանը ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար շքանշաներով պարգևատրեց ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, նախկին ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանին և ռեկտորի օգնական, ՈւԳԸ նախկին նախագահ Կարապետ Կոգարովին: Կ.Կոգարովը իր շնորհակալական խոսքում նշեց. «Անչափ հպարտ ու շնորհակալ եմ հարազատ կառույցիցս, հանձինս Գոռ Վարդանյանի և Գևորգ Հարությունյանի։ Հետագայում ինչ մրցանակ ու պարգև էլ ստանամ՝ համոզված եմ, որ այս մեկը ամենահարազատն ու թանկն է մնալու»։
ՈւԽ նախագահ Գ.Հարությունյանը ՈւԽ նախագահության նիստի որոշմամբ ՈւԽ նախկին նախագահ Գ.Վարդանյանին հանձնեց ՈւԽ «Պատվավոր նախագահի» բարձրագույն կոչումը: Ներկայացնելով Գ.Վարդանյանին, ՈւԽ նախագահը նրա գործունեությունը գնահատեց լավագույնը ՀԱՊՀ ՈւԽ պատմության մեջ՝ նշելով, որ կոչումը շնորհելիս արձանագրությունում բառացի նշվել է՝ կոչումը շնորհվում է Ուսանողական խորհրդում կատարված և ներդրված հսկայամասշտաբ աշխատանքի համար: Ռեկտորի տեղակալը և այսուհետ արդեն ՈւԽ պատվավոր նախագահ Գ.Վարդանյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի առթիվ և շնորհակալություն հայտնեց իր թիմին՝ Ուսանողական խորհրդի անդամներին կատարված աշխատանքի համար: «ՀԱՊՀ շքանշան ստանալը արդեն ավանդույթ է, և ՈւԽ բոլոր նախագահները ստացել են, բայց «Պատվավոր նախագահի» բարձրագույն կոչման արժանանալը պարզապես անսպասելի էր: Կոչումը նաև պարտավորեցնող է, այսուհետ ինձ համար ՈւԽ պատվավոր նախագահ լինելը, ողջ գործունեությանս հետ պետք է կապակցվի»,-նշեց Գ.Վարդանյանը:
Շնորհավորական ուղերձներից, շնորհակալական խոսքերից և պարգևատրումներից հետո ՀԱՊՀ-ի ռեկտոր Ո. Մարուխյանը և ՀԱՊՀ-ի ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը կտրեցին «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2017»-ի տոնական տորթը։

Նշենք, որ «Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը: