Աշխատել հնարավորինս շատ, հաղթահարել դժվարությունները և հավատալ այն գործին, որին նվիրված ես

Աշխատել հնարավորինս շատ, հաղթահարել դժվարությունները և հավատալ այն գործին, որին նվիրված ես

Ներկայացնում ենք «Ճարտարագետ» ամսագրի [Հաջողության բանաձևը] խորագրով հարցազրույցը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ։ 

 

Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները, պարոն Աշոտյան։ 

-Հայրական տոհմս արևմտյան Հայաստանի Սեբաստիայի շրջանի Կյուռում քաղաքից է։ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ, իսկ 1946 թվականին Հալեպից վերադարձել են Հայաստան և բնակություն հաստատել այստեղ։ Մայրական տոհմս Բաքվից է, ավելի խոր արմատները ձգվում են դեպի Ղարաբաղ և Խնձորեսկ՝ Գորիս։ Ստացվում է այնպես, որ արմատներս սերում են Արևելյան և Արևմտյան Հայաստանից, որի համար շատ հպարտ եմ, կարելի է ասել իմ արյան մեջ ամբողջանում է ողջ Հայաստանը։

 

-Կպատմե՞ք մի հիշարժան դեպք Ձեր մանկությունից, պատանեկությունից կամ դպրոցական տարիներից։ Ինչպիսի՞ հետաքրքրություններ եք ունեցել դպրոցական տարիներին։

-Դեռ դպրոցական տարիներից ինձ հիշում եմ, որպես լավ իմաստով «ամբիցիոզ»։ Փորձել եմ լինել առաջինը այն շրջապատում, որտեղ հայտնվել եմ ժամանակի թելադրանքով։ Ինձ համար խնդիր էի դարձրել լինել նախաձեռնող, հատկապես ուսման բնագավառում։ Ճակատագրի բերումով հայտնվեցի շատ լավ դպրոցում, շատ լավ դասարանում և, որ ամենակարևորն է շատ լավ դասղեկի ձեռքերում։ Ուսումնառության ողջ ընթացքում փորձեկ եմ լինել  ոչ միայն դասարանի, այլև դպրոցի լավագույն աշակերտը։ Մանկությունս անցել է ավելի շատ գրքերի, միջոցառումների մեջ և իհարկե, զբաղվել եմ տարաբնույթ սպորտային մարզաձևերով, ինչպիսիք են՝ ձյուդոն, բասկետբոլը, բոդիբիլդինգը և այլն։ Եղել եմ ֆիլատելիստների ակումբի անդամ, մասնակցել համամիութենական ֆիլատելիստական ցուցահանդեսների։ Այդ ասպարեզում էլ եմ եղել առաջիններից մեկը։ 1989 թվականին նվաճեցի նամականիշների համամիութենական պիոներական հավաքի բրոնզե մեդալը։

 

-Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։ Նպաստե՞լ է դպրոցը մասնագիտական կողմնորոշման հարցում, թե՞ հետևել եք որևէ մեկի խորհրդին։

-Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, գերազանց եմ սովորել բոլոր առարկաներն անխտիր, ուստի, որ բնագավառը հետագայում ընտրեի, խնդիր չէր ինձ համար։ Հոգուս խորքում միշտ ցանկացել եմ դառնալ հումանիտար մասնագետ, սակայն ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ պապիս և տատիս գլխավորությամբ, որոշեց, որ պիտի դառնամ բժիշկ, հազվի առնելով այն, որ մեր ընտանիքում նման մասնագետ չի եղել։ Իրենց խորհրդով 1992 թվականին ընդունվեցի ԵՊԲՀ։

 

-Ուսանողական տարիներից ինչպիսի՞ հիշարժան դեպք եք հիշում։

-Ինչպես յուրաքանչյուր մարդու կյանքում, այնպես էլ ինձ համար ուսանողական տարիներն ամենահիշարժանն են։ ԵՊԲՀ-ն մի շարք առանձնահատկություններ ունի, որից կարևորը թեևս, կրթության շրջանի երկար լինելն է։ Սովորել եմ 11 տարի գերազանց առաջադիմությամբ։ Բուհն ավարտել եմ ամենաբարձր Հերացու անվան կրթաթոշակով, ինչը հնարավորություն տվեց անվճար սովորելու նախ՝ օրդինատուրայում և ապա՝ ասպիրանտուրայում։ Ուսանողական տարիներին ամենաանմոռաց ու թանկ հուշերն ինձ համար այն ժամանակահատվածն էր, երբ աշխատում էի ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում՝ 1995-2003 թվականը։ 1995-1999 թվականներին եղել եմ ուսանողական խորհրդարանի անդամ, իհարկե, լինելով նաև այդ կառույցի ղեկավարման, կայացման և առաջնդացի անմիջական մասնակիցը։ Զբաղեցրել եմ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահի, այսնուհետև ուսանողական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնները, իսկ 1999-2000 թվականններին ուսանողական խորհրդարանի նախագահ։ Այդ կառույցն իմ կյանքում մեծ դեր է ունեցել՝ որպես մարդու, գործչի և ղեկավարի կայանալու հարցում։ Ավելորդ չեմ համարում ասել, որ շատ եմ սիրում իմ բուհը, քանզի կյանքիս լավագույն տարներն անց եմ կացրել այդ բարձր հաստատության կամարների ներքո։

 

-Ինչմե՞ս եք վերաբերվում ուսանողական խորհրդի աշխատանքներին։

-Ինձ երբեմն մեղադրում եմ, որ որպես ԿԳ նախարար շատ եմ «երես տալիս» ուսանողներին։ Պետք է ասեմ, որ որոշումներ կայացնելիս միշտ հաշվի եմ առնում ուսանողների հավաքական կարծիքը։

Կարծում եմ ճիշտ քաղակաքանությամբ եմ շարժվում, որովհետև ուսանողները ոչ միայն մեր կրթական համակարգի բաղադրիչներն են, այլև մեր իսկ գոյության մասը։ Ուսանողը ոչ տե կրթական համակարգի ՕԲԻԵԿՏՆ է, այլ՝ ՍՈՒԲԻԵԿՏԸ։ Այսօր ուսանողական խորհրդների գործունեության համար ավելի լավ պայմաններ են ապահովված քան եղել են իմ տարիներին։ Վերջին տարիներին մենք վարում ենք ուսանողակենտրոն քաղաքականություն և ես ինձ համարում եմ իրենց դաշնակիցը։ Մնում է, որ իրենք ավելի նախաձեռնող լինեն, արտահայտեն ուսանողների կարծիքն ու հետպնդեն գիտակից ուսանողի շահերը։

 

-Լինելով ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում կազմակերպել եք միջոցառումներ։ Որո՞նք էին այդ միջոցառումները և ի՞նչ էիք ցանկանում սովորեցնել այդ ուսանողներին, ձեր ընկերներին։ 

-Գուցե մի փոքր անհամես հնչի, բայց ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանը լավագույնն էր այն ժամանակ և իր նշաձողը միշտ բարձր էր պահում։ Մենք եղել ենք բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ։ Առաջինը սկսեցինք հրապարակել ուսանողական թերթ՝ 1999 թվականին, որը կոչվում էր «Մեդիկուս»։ Առաջինը վերագործարկեցինք ռադիոկայանը, 2000 թվականին ստեղծեցինք էստրադային համույթ, թատերական 2 խմբակ, ռոք խումբ և այլն։ Մեր գործունեությունը միայն մշակութային միջոցառումներով չէր սահմանափակվում։ Այն լայնորեն դրսևորվում էր նաև կրթության ոլորտում։ Մի քանի բառով դժվար է նույնիսկ պատասխանատու ձևով արտահայտել այդ տարների կատարած մեր բազմաբովանդակ աշխատանքը։

 

-Պարոն Աշոտյան, գիտենք, որ գրել եք բանաստեղծություններ, ունեք նաև ժողոբածու, ինչպես նաև հեղինակային երգեր։ Ներկայումս նույնպե՞ս գրում եք։ Պատմեք, խնդրեմ, Ձեր ստեղծագործական հաջողությունների մասին։ Ինչպե՞ս է կոչվում Ձեր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն և ինչպես՝ հեղինակային երգերի սկավառակը։ 

-Բանաստեղծություններ գրում եմ 14-15 տարեկանից․ առաջին սեր, առաջին հիասթափություն, առաջին շփում արտաքին աշխարհի հետ, աշխարհընկալման ձևավում։ Ստացվեց այպես, որ տարիների մարտահրավերն ու ժամանակի սղությունը ինձ չհեռացրին այդ ստեղծագործություններից և մինչև այսօր էլ ստեղծագործում եմ։ Այդ ժամանակ գրում էի միայն ռուսերենով, այսօր արդեն՝ մասամբ։ 2004 թվականին լույս է տեսել իմ առաջին ժեղովածուն։ Զուգահեռ փորձել եմ երաժշտական ձևավորում տալ բանաստեղծություններիս, որի արդյունքում որոշակի երգացանկ է ձևավորբել։ Նույնիսկ 2007 թվականին որոշ երգեր ձայնագրվեցին։ Այդ երգերից կատարում էր Վարդուհի Վարդանյանը, ինչպես նաև Աննա Աղաջանյանը, Աննա Արմենակյանը և այլք։ Վերջերս ստեղծագործում եմ նաև հայերենով։ Նշեմ Նարեկ Բավեյանի կատարմամբ «Քո հոգին» երգը, որի հեղինակը նույնպես ես եմ։

 

-Լինելով ԵՊԲՀ ռեկտորի օգնական, ինչպիսի՞ ծրագրեր և գործունեություն եք ծավալել։ Ինչ՞ հաջողություններ եք ունեցել այդ գործունեության ընթացքում։

-Այդ ընթացքում փորձել եմ հնարավորինս պատշաճ ներկայացնել բժշկական համալսարանը՝ բուհից դուրս լինել իմ մայր բուհի կողքին, աջակցել ու սատար լինել նրան։ Այսօր արդեն, որպես նախարար, պարտավոր եմ աջակից լինել, բոլոր բուհերին, բայց չեմ կարող թաքցնել այն առանձնահատուկ վերաբերմունքն ու սերը, որն ունեմ ԵՊԲՀ-ի հանդեպ։ Ունեմ, և դա այդպես է։

 

-Գիտենք, որ ՀՈՒԱԱ համահինադիրներից մեկը եղել ենք նաև Դուք։ Ինչպիսի՞ ծրագրեր ունեիք այդ ժամանակ և ի՞նչ նպատակներ։

-Ժամանակի ընթացքում տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներով դարձանք շատ լավ ընկերներ։ Յուրաքանչյուրս ունենալով որոշակի հաջողություններ, որոշեցինք ձևավորել այնպիսի կառույց, որը կհամախմբեր տարբեր բուհերի երիտասարդներին, որոշակի ծրագրերի շրջանակներում։ Կառույցը ձևավորվեց՝ սկզբում կոչվելով միջբուհական կոորդինացիոն խորհուրդ, միավորելով 4 բուհեր՝ ԵՊԲՀ, ՀՊՃՀ, ՀՊՏՀ և ՀՊՖՀ։ Իսկ հետագայում ընդարձակելով բուհական սահմանները, այն դարձավ ՀՈՒԱԱ, համախմբելով Հայաստանի պետական և ոչ պետական ուսումնական կառույցները։ Ասոցացիայի աշխատանքները մինչև այսօր կատարվում են, և ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր գործի շարունակողները պատվով են կատարում այդ ամենը։

 

-2003-2005 թվականներին նախագահել եք ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Կպատմե՞ք մի փոքր այդ մասին։

-2001 թվականին անդամագրվեցի ՀՀԿ-ին։ Արդեն 2003 թվականին կուսակցությունը վստահեց ինձ ՀՀԿ երիտասարդական թևը ղեկավարելու պատիվը։ Այդ երկու տարիների ընթացքում, կարծում եմ, ես ու իմ ընկերներն արել ենք հնարավոր ամեն ինչ, որ ՀՀԿ ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը երիտասարդության շրջանում ունենա առավելագույն ճանաչում։ Ուրախ եմ, որ մինչև այժմ շարունակվում են այն միջոցառումները, որի հիմքը դրել ենք մենք տարիներ առաջ։

 

-Ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան Ձեր նկարներից, գրառումներից տեսնում ենք, որ անտարբեր չեք շախմատի նկատմամբ և Ձեր տղաների հետ շախմատ եք խաղում։ Կպատմե՞ք այդ մասին։

-Այո, չէի ասի, թե անտարբեր եմ շախմատի նկատմամբ։ Ինքս խաղացել եմ դեռ մանկուց, թեև չեմ համարում, որ լավ եմ խաղում։ Որպես կրթության նախարար պատիվ եմ ունեցել մասնակից լինելու դպրոցներում շախմատի դասընթացների կազմակերպմանը։ Այդքանով արդեն օրգանապես կապված եմ շախմատին և շախմատային պատմությանը Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերվում է տղաներիս նրանք շատ են սիրում շախմատ, ուստի խաղում եմ նրանց հետ և նրանց համար։ Շատ մեծ ոգևորությամբ են խաղում, հատկապես մեծ որդիս, քանզի դպրոցում այն անցնում են որպես առարկա։

 

-Այժմ լայն հնարավորություններ կան մասնագիտական կարողությունները արտերկրում զարգացնելու համար։ Որպես կրթության և գիտության նախարար, ինչպե՞ս եքվերաբերվում այդ ամենին։ Արդյո՞ք Հայաստանում չկա բավարար կրթություն ապահովող համակարգ, որ շատերը փորձում են կրթություն ստանալ արտերկրում։ 

-Ուսանողները գնում են դրսում սովորելու ոչ այն պատճառով, որ Հայաստանում չկա բավարար կրթություն ստանալու հնարավորություն, այլ այն պատճառով, որ դրսում կա լավ կրթություն ստանալու և լավը բերելու հնարավորություն։ Ես ինքս 1999-2000 թվականներին «Տեմպուս» ծրագրի շրջանակներում գիտական օրդինատուրայի մի մասն անց եմ կացրել Ֆրանսիայի Մարսել քաղաքի համալսարաններից մեկում, ինչը ինձ տվել է շատ գիտելիքներ թե՜ կրթական և թե՜ աշխարհայացքային իմաստով։ Ողջունելի է, որ մեր երիտասարդները, ձգտելով դեպի գիտելիքը և կրթությունը, փորձում են որոնել ամենալավ տարբերակներն իրենց համար, որ նրանց մեջ կան հայրենիք վերադառնալու և իրենց գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու ցանկություն ունեցողներ։ Բնական է, որ ասյօր մենք պիտի աշխարհից վերցնենք լավագույնը, առաջադիմականը՝ տեղում չդոփելու համար։ Այդպես է եղել նաև պատմության էջերում։ Հենց դրա շնորհիվ էր, որ ունեցել ենք ոսկե դար։

 

-Ուսանողներն ավարտելով ուսումնառությունը, կանգնում են շատ բարդ խնդրի առջև՝ բավարար աշխատատեղեր չլինելու պատճառով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ մասնագետներ արտադրվում են ավելի շատ քան պահանջում է աշխատաշուկան։ 

-Կրթության ֆունկցիան մարդկանց միայն աշխատանքով ապահովելը չէ։ Կրթության ֆունկցիան նախ և առաջ, մարդու ինքնակատարելագործումը, ինքնազարգացումն ապահովելը, հասարակության կրթական ցենզի բարձրացումն է, այնուհետև տնտեսական խնդիրների լուծումը։ Բուհերը պետք է ամրապնդեն կապը մասնավոր հատվածի աշխատաշուկայի հետ։ Մյուս կողմից՝ մեր ուսանողները պետք է սովորեն այնպես, որ արդի աշխարհում լինեն իրենց մասնագիտությունում առաջիններից մեկը, պետք է ընտրեն այն ուղին, որտեղ գիտեն ու համոզված են, որ լինելու են առաջինը։ Այսօր միայն առաջինը լինելու, գերազանց մասնագետ դառնալու դեպքում է, որ աշխատանքն ինքն է քեզ գտնում այլ ոչ դու նրան։ Եվ այդ պարագայում է, որ մասնագետները, ոչ թե արտադրվում են, այլ դառնում։ Չ՞է որ մենք հենց այդպիսին ենք։ Առաջինն ենք փորձում և լինում ամենուրեք ․․․ Իսկ խնդիրներ լինում են միշտ և նրա համար, որ լուծման ճանապարհին գտնվեն ավելի ռացիոնալ միջոցներ։

 

Որոշ ժամանակ առաջ Դուք մի քանի բուհերի, այդ թվում և ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդին, երիտասարդության միջազգային օրվա առթիվ ոսկե մեդալներ շնորհեցիք։ Կարելի՞ է ակնկալել, որ դա կոգևորի ուսանողներին և խթան կդառնա աշխատանքի արդյունավետության համար։

-Երիտասարդության միջազգային օրվա առթիվ շնորհված ոսկե մեդալը կրթության և գիտության ոլորտում ներդրված մածագույն ավանդի համար է։ Դա ձեռքբերումների, կատարելագործման, առաջընթացի համար է, և ոչ միայն ապագայի հանդեպ ունեցած հավատի, խրախուսման և նոր արարումների համար է։ Անշուշտ, սա կայացած և ապագա ծրագրերի գնահատականն է։

 

-Ինչու՞ որոշեցիք ունենալ ՖԵՍԲՈՒՔ

-Լինելով բազմազբաղ՝ ֆեյսբուքն ինձ հնարավորություն է տալիս շփվել ընկերներիս և շատ շատերի հետ։ Այն բաց է բոլորի առջև։ Ֆելսբուքն իմ անձնական տարածքն է։ Դա նախարարի էջ չէ, դա քաղաքացի Արմեն Աշոտյանի էջն է, որտեղ կարող եմ տեղադրել և՜ անձնական, և՜ աշխատանքին վերաբերվող նյութեր։ Որպես կրթության նախարար շատ եմ կարևորում հասարակության հետ հետադարձ կապի սկզբունքով աշխատելու հրամայականը, իսկ ֆեյսբուքն այսօր ամենահարմար տեղն է, ամենահարմար գործիքը՝ այդ հետադարձ կապն ապահովելու համար։

 

-Ինչպե՞ս կձևակերպեք Ձեր հաջողության բանաձևը։ 

-Ինձ դեռ երիտասարդ եմ համարում, որպեսզի հետ նայելով ՝ իմ անցած ուղին սահմանեմ որպես հաջողության բանաձև, բայց կփորձեմ սահմանել հաջողության այն բանաձևը, որով առաջնրդվում եմ իմ կյանքում։ Աշխատել հնարավորինս շատ, հաղթահարել դժվարությունները և հավատալ այն գործին, որին նվիրված ես։