«BeEngineer» միջբուհական ուսանողական գիտական առաջին կոնֆերանսը

«BeEngineer» միջբուհական ուսանողական գիտական առաջին կոնֆերանսը

Նոյեմբերի 14-ին Ծաղկաձորի «Ալ պինա» հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում մեկնարկեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «BeEngineer» միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսը` նվիրված Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի հիմնադրման 20-րդ տարեդարձին: Ուսանողական խորհրդի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կոնֆերանսի խորհրդանիշ էր ընտրել դեպի բարձունք ձգտող ջանասեր մեղուն:

Կոնֆերանսի բացմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, դպրոցական «Ինֆորմատիկա» դասագրքերի հեղինակներ Սեյրան Ավետիսյանը և Սվետիկ Դանիելյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Փանոսյանը և ուրիշներ: Ազդարարելով եռօրյա «beengi-neer» միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսի սկիզբը, ելույթով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանը: Բարձր գնահատելով ուսանողների նման նախաձեռնություններն ու ներգրավվածությունը գիտական աշխատանքներում՝ Հ.Թոքմաջյանը շնորհավորեց մասնակիցներին, մաղթելով հաջողություն: Կոնֆերանսն ուներ ավելի քան 70 մասնակից հայաստանյան տարբեր բուհերից: Պատվիրակներ էին եկել Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական լեզվաբանական համալսարաններից: Գիտական կոնֆերանսի ընթացքում 50 մասնակից ուսանողներ հանդես եկան գիտական զեկուցումներով և ներկայացրին հեղինակային աշխատանքներ: Գիտական զեկուցումները դասակարգված էին ըստ չորս ոլորտների` տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, ֆիզիկա և հարակից մասնագիտություններ, պատրաստի արտադրանք:

Կոնֆերանսի փակման օրը, Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, հանձնելով պատվոգրերը լավագույն զեկուցումների հեղինակներին, նրանց հայտնեց սպասվելիք դրամական պարգևի մասին: Մյուս մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Կոնֆերանսի մասնագետների որոշմամբ և բուհի ղեկավարության օժանդակությամբ առանձին ուշադրության արժանացան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Ավագ դպրոցի ներկայացուցիչները, ովքեր որպես մրցանակ ստացան համակարգիչ: Կոնֆերանսի երեք օրերն անցան հագեցած, ողջ ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Մասնակիցները արդեն Երևանում հիշում և պատմում էին սուրճի ընդմիջումների մասին, որոնց ընթացքում ոչ միայն շփվում են միմյանց հետ, այլև կիսվում նոր մտքերով, տպավորություններով և ապագա անելիքներով։ Ըստ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Կ. Կոգարով, սա դեռ սկիզբն է, և ընկերությունը շարունակելու է նմանատիպ միջոցառումների իրականացումը: