Մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը

Մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը

Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում, Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում, 2016թ. օգոստոսի 6-ին մեկնարկեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Պաշտոնական բացմանը ներկա էին Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաքին մասնակից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ Ուսանողական խորհուրդների նախագահներ: Այս ամսին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:

Հայաստանի Հանրապետության նորագույն ժամանակաշրջանում, անկախության 25-րդ տարեդարձի նախօրյակին, նույն անկախության սերունդը, լինելով ճիշտ իր հանրապետության տարիքին նախաձեռնել է ավանդույթների վերականգնման երբևիցե նմանը չունեցող ռազմա, մարզա, ուսումնահայրենասիրական լայնամասշտաբ համալիր ծրագիր։ Այս խոսքերի ներքո սկսվեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձ, Արցախյան գոյամարտի վերհուշ և ապրիլյան «Քառօրյա պատերազմի» դասեր, ահա այն նախադրյալները, ինչի համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը` նպատակ ունենալով երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը՝ ելնելով նաև Հայաստանի համար բոլոր ժամանակների ռազմաքաղաքական իրավիճակից:

Հավաքը իրականություն է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ջանքերով: Հավաքի կազմակերպման համար, ստեղծվել է նաև ՀՀ առաջին ուսանողական կամավորական շինարարական ջոկատը, որը շաբաթներ շարունակ աշխատում էր Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում` օգնելով ՀԱՊՀ շինարարներին վերակառուցելու և ճամբարը համապատասխանեցնելու հավաքի պահանջվելիք ստանդարտներին։ Հավաքի կազմակերպական այլ աշխատանքների համար ձևավորվել է նաև ղեկավարող-համակարգող մարմին, որը և մշակել է հավաքի ողջ գաղափարական և վիզուալ-գովազդային փաթեթը։ Ամիսներ շարունակ պատրաստվել են հավաքի հրապարակը, կացարանները, բեմի տեսքը և այլ անհրաժեշտ բաղադրիչներ։

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը` ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 210 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց հայ ռազմակայան քաղաքական գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անունուններով։ ՀՀ դրոշի կարմիրին, կապույտին և նարնջագույնին համապատասխանում են՝ ՄՈՆԹԵՆԵՐԻ, ՆԺԴԵՀՆԵՐԻ և ՎԱԶԳԵՆՆԵՐԻ ճակատները:

Համակարգող-ղեկավար մարմնին կից գործում է նաև վարչական աշխատակազմ՝ շտաբի անձնակազմ, մրցավարներ և անվտանգության աշխատակիցներ: Յուրաքանչյուր ճակատ իր հերթին ունի ղեկավար մարմին, որի կազմում են ճակատի, գեղարվեստական, մարզական և ջոկատների ղեկավարները:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքի ներկաներին ողջունեց և մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը. «Բնության այս գողտրիկ անկյունում, այսօր մեկնարկում ենք ՀԱՊՀ-ի միջոցառումների այն շարքացանկը, որն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին։ Միջոցառման մեկնարկը խորհրդանշական է և այսօրվա իրողություններին խիստ համապատասխան։ «Միասնության ուժը» նախաձեռնությունը պատկանում է մեր Ուսանողական խորհրդին։ Այն ծնվել է որպես ՈւԽ-ի մտահղացում և կազմակերպական անհրաժեշտ ֆինանսավորումը ստացել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» և Պոլիտեխնիկի ռեկտորատի կողմից։

Հատկանշական է հավաքի շրջանակում կազմավորված առաջին շինարարական ջոկատների դերը միջոցառման կայացման գործում։ Նրանք այցելելով այստեղ՝ իրենց գործունեությամբ փորձեցել են բարելավել այն պայմանները, որտեղ դուք կանցկացնեք այս մեկ շաբաթը ։

Թող չհնչի որպես ինքնագովություն, բայց Պոլիտեխնիկի ուղենիշն է վերականգնել իր լավագույն ավանդույթները և այս միջոցառումն ու ուսանողական շինարարական ջոկատի կազմավորումը նաև խորքային իմաստով Պոլիտեխնիկական ավանդույթների վերականգման ևս մեկ օրինակ են։ Մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք, հաջողություններ և թող ուսանողական միասնական ձայնը հնչի և ոգեկոչի բոլորիդ նոր նախաձեռնումների և խիզախումների։»,-ասաց ռեկտորը:

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը դիմելով ուսանողներին, նշեց. «Ուրախ եմ, որ միասնության գաղափարը բոլորիդ հավաքել է մեկ հարկի տակ: Ինչ էլ կոչենք ճամբարի անունը՝ ռազմամարզահայրենաուսումնական, առանցքում ընկած է միասնությունը, որի շնորհիվ 90-ականներին ունեցանք հայկական պետականություն, որով ևւս մեկ անգամ ապացուցեցինք մեր ուժը ապրիլյան պատերազմի ժամանակ»: Պարոն Ավագյանը նկատեց՝ հավաքն առանձնահատուկ է նրանով, որ տարբեր մասնագիտության տեր մարդիկ այս օրերին շփվելով ու ծանթանալով միմյանց հետ, կկարողանան վեր հանել իրենց հուզող հարցեր թե′ մասնագիտական, թե′ երիտասարդության դաշտում: Երիտասարդներին ցանկանալով մրցակցային առողջ օրեր՝ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողն ակնկալում է, որ հավաքից հետո կստանան առաջարկներ երիտասարդական խնդիրների հետ կապված և համատեղ կփորձեն դրանց լուծումներ գտնել:

ՀԱՊՀ-ի ռեկտորի տեղակալ, ՈՒԽ-ի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, ազդարարելով խաղերի բացումը, շնորհավորեց ուսանողներին. «Ուրախ եմ, որ իմ գործընկեր ուսանողների հետ, ամիսների բովանդակալից աշխատանքից հետո, կարողացանք կազմակերպել ու ստեղծել այն, ինչը կես տարի առաջ լոկ գաղափար էր։ Ցանկանում եմ մեծ հպարտությամբ նշել ՀՀ ուսանողական կամավորական շինարարական առաջին ջոկատի կազմավորման փաստը։ Այն մի կարևոր ավանդույթ էր, մեր պետության, համալսարանի համար, որը կարողացանք վերստեղծել։ Եվ այսպես, քայլ առ քայլ վերստեղծելու ենք այն, ինչ մեր ավագների համար ժամանակին մեծ արժեքներ են ունեցել՝ հուշերը։ Շնորհակալություն նաև բոլոր ՀՀ և ԼՂՀ ուսանողական, երիտասարդական կառույցներին հավաքի հրավերը ընդունելու և այս հինգ օրերի ընթացքում մեզ հետ «Միասնության ուժը»-ի գաղափարով առաջնորդվելու համար։ Եվ թող հաղթի «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ»»,-ասաց հավաքի տնօրենը: Գոռ Վարդանյանը նաև շեշտեց, որ առաջին անգամ հյուրընկալում են ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի կողմից ներկայացված ջոկատ:

Հավելենք, որ հավաքի հինգ օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ կունենան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

Հ.Գ. Ի դեպ, երիտասարդ ճարտարագետների ջանքերով, հավաքի խաղային արդյունքներն ամփոփվելու են ինֆոգրաֆիկի միջոցով: Յուրաքանչյուր օր ՈՒԽ-ի պաշտոնական ֆեսյբուքյան էջից ուսանողները կարող են տեղեկանալ արդյունքներին: ՖԲ-ում գործելու է նաև #UnityGames_infoGRAPHIC, #UnityGames2016 հեշտեգերը: