«ՔՀ և Ի» թիմը՝ Պոլիտեխնիկական խաղերի հաղթող

«ՔՀ և Ի» թիմը՝ Պոլիտեխնիկական խաղերի հաղթող

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքի մեծ դահլիճում ամփոփվեցին «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ի մրցութային վերջին չորս փուլերի արդյունքները, որոնցից հայտնի դարձան հաղթող թիմերը: «Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ժյուրիի կազմում ներկա էին ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը, Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը, Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի ՈւԽ նախագահ Ներսես Միրաքյանը: Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց սոցիալական տեսահոլովակ, երգ, պար և ՈւՀԱ: Այնուհետև ուսանողներին ողջունեց և շնորհավորեց Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: «Հարգելի՛ պոլիտեխնիկցիներ, սիրելի՛ ուսանողներ, ավանդույթ դարձած «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ը մոտեցավ իր եզրագծին: Դեկտեմբերի 18-29-ը յուրաքանչյուրս ապրեց լիարժեք սպորտային կյանքով: Ինչպես յուրաքանչյուր խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է»,-ասաց Գ.Հարությունյանը՝ շնորհավորելով հաղթող թիմին: ՈւԽ նախագահը նաև շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Այսպիսով մրցույթային համարներից հետո «Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում միավորների առավելության արդյունքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՏՀՏ և Է ինստիտուտի «Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկայի»  թիմը ( ի դեպ «Պոլիտեխնիկական խաղեր 2014-ում» և «Պոլիտեխնիկական խաղեր 2015-ում» նույնպես հաղթող էր ճանաչվել ՔՀ և Ի թիմը ): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԷԷԻ  թիմը, իսկ երրորդ՝ ՏՀՏ և Է ինստիտուտի Կիբեռնետիկա:

«Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի հաղթական գավաթը ՔՀ և Ի թիմին հանձնեց ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը:

Հաղթող թիմերը պարգևատրվեցին խորհրդանշական գավաթներով, մեդալներով և անվանական ցուցատախտակներով:

ՈւԽ նախագահի հատուկ որոշմամբ «Պոլիտեխնիկական խաղեր 2017»-ում խաղերի «Սպորտի լավագույն կազմակերպիչ» ճանաչվեց ՈւԽ ազատ ժամանց և սպորտի հանձնաժողովի նախագահ Գարեգին Մինասյանը:

Շնորհավորելով մասնակից թիմերին՝ ցանկանում ենք նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզական մասնաշենքում մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2017» թվով երրորդ մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որի բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը:

Հ.Գ. Միջոցառումների կայացմանը աջակցել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱՊՀ ղեկավարությունը, «Պոլիտեխնիկ» ուսանողական և «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամները: