Գրքի օրը Պոլիտեխնիկում

Գրքի օրը Պոլիտեխնիկում

Փետրվարի 19-ի երեկոյան՝ գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը և ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը հանդիպեցին Ուսանողական խորհրդի ակտիվի հետ: Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ղեկավար կազմի անդամներին իր մակագրությամբ նվիրեց խորհրդանշական գրքեր:

Հանդիպման ընթացքում ուսանողները ազատ զրույց-քննարկում ունեցան ռեկտորի հետ, հնչեցրին տեսակետներ համալսարանի առաջիկա ծրագրերի մասին:

Ռեկտոր Ո.Մարուխյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ ցուցաբերած ուշադրության համար, խորհուրդ տվեց նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում փորձել չկտրվել գրքից:

Ուսանողները նաև խոսեցին իրենց հուզող հարցերի մասին, ռեկտորի հետ քննարկեցին 85- ամյակի միջոցառումների շարքացանկում ուսանողական արշավ սկսելու մտադրությունը, ինչպես նաև հետաքրքիր մտքեր փոխանակեցին 2018 թվականի ընդունելության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը և ռեկտորի օգնական Կ.Կոգարովը իրենց հերթին նույնպես շնորհակալություն հայտնեցին ուսանողներին, և ռեկտորի հետ համատեղ նկատեցին, որ այսօրինակ հանդիպումները իրենց դրական արդյունքն են տալիս համալսարանի խնդիրների լուծման հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց նաև համաձայնություն՝ համալսարանում հիմնադրելու գրքի ակումբ, որտեղ քննարկումներ և հանդիպումներ կլինեն հայտնի պոլիտեխնիկցիներ և հանրային գործիչների հետ:

Գիրք նվիրելու ավանդույթը Հայաստանում վերականգնվել է 2008 թվականին՝ Գրողների միության նախագահի առաջարկով: Օրվա անցկացման նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն էր: Օրն ընտրվել է ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ, գրող,  հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա:

Այս օըը Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում: Այս կերպ փորձ է արվում վերածնել հին ավանդույթները և նոր սերնդին վերադարձնել գրքի հանդեպ մեծապես կորած հետաքրքրությունը: Ամբողջ երկրում անցկացվող տոնական միջոցառումների թվում են հանրային ընթերցումները, լուսաբանող և մշակութային ակցիաները, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումները, և, իհարկե, այս օրը յուրաքանչյուրը կարող է իր հարազատին գիրք նվիրել: