«Պոլիտեխնիկն իմ աչքերով» ուսանողական-նկարչական ցուցահանդեսի հաղթողները հայտնի են

«Պոլիտեխնիկն իմ աչքերով» ուսանողական-նկարչական ցուցահանդեսի հաղթողները հայտնի են

Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-րդ տարեդարձի առթիվ ՀԱՊՀ ղեկավարությունը՝ Ուսանողական խորհրդի հետ համատեղ, սկսել է հոբելյանական միջոցառումների շարք, որոնց սկիզբը դրվեց «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառումներով: Վերջերս ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը հանդես եկավ «Պոլիտեխնիկն իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթի մասին հայտարարությամբ։

ՀԱՊՀ տաղանդաշատ ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները, անկախ մասնագիտությունից, հնարավորություն ստացան մասնակցելու և իրենց հարազատ ԲՈՒՀ-ը ներկայացնելու սեփական պատկերացումներով։

ՀԱՊՀ ՄՏԴ ինստիտուտի Ուսանողական խորհուրդը, ստեղծելով աշխատանքային խումբ, շաբաթներ շարունակ հավաքագրում էր Պոլիտեխնիկի տաղանդավոր ուսանողների և աշակերտների աշխատանքները։

Ուսանողների նվիրվածության, աշխատասիրության և բուհի հանդեպ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ ապրիլի 17-ին կայացավ «Պոլիտեխնիկն իմ աչքերով» ուսանողական-նկարչական ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, ուսանողներ:

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարությամբ ցուցադրությանը ներկայացված նկարների համար կարող էին քվեարկել բոլոր ներկաները՝ համալսարանի ղեկավարությունը, դասախոսները, ուսանողները և ուրիշներ։ Ցուցադրության շնորհիվ ներկաները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու ցուցադրված աշխատանքներին և բացահայտել ներկայի և ապագայի Պոլիտեխնիկական համալսարանը՝  ներկայացված պոլիտեխնիկցու աչքերով։ Ցուցադրված աշխատանքները մրցում էին մի քանի անվանակարգերում:

ՄՏԴ ինստիտուտի դասախոս Աննա Պետրոսյանի ղեկավարած ժյուրիի կազմի արդյունքներով Անժելա Տիգրանյանը 1-ին տեղում է, Միշել Մարթինյանը՝ 2-րդ, իսկ Հարություն Դանիելյանը` 3-րդ:

Ֆեյսբուքյան հավանումների քանակով առաջին տեղում Սյուզի Ասլանյանն է, ով երկու օրվա ընթացքում արժանացել էր առավելագույն քանակով հավանումների: Ցուցասրահում տեղադրված քվեարկության արկղիկի տվյալներով՝ առաջինը Գայանե Կարախանյանն է:

Ցուցահանդես – մրցույթի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր մասնակցության համար, իսկ հաղթողները՝ նաև նվերներ:

ՀԱՊՀ ռեկտոր  Ո. Մարուխյանը հետաքրքիր անակնկալով ամփոփեց մրցույթի արդյունքները: Նա Ռոզա Մարտիրոսյանին, Միշել Մատինյանին, Լիլիթ Մուսախանյանին և Անժելա Տիգրանյանին իր կողմից նվիրեց արժեքավոր գրքեր:

Ցուցահանդես-մրցույթի փակմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, պրոռեկտորներ Մ. Բաղդասարյանը, Կ. Արզումանյանը, Ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը,  Քոլեջի տնօրենի պաշտոնակատար է. Էլբակյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության կազմակերպիչներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը, քանի որ այսօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս ձևավորել առավել հոգատար և պատասխանատու վերաբերմունք համալսարանի նկատմամբ: