Մեկնարկեց «Միասնության ուժ-2018»-ը

Մեկնարկեց «Միասնության ուժ-2018»-ը

Այսօր՝ օգոստոսի 26-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մեկնարկեց «Միասնության ուժ-2018» երիտասարդական-ուսանողական հավաքը:Բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին շնորհավորեց Պոլիտեխնիկի Ուսանողական Խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը՝ հանձին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի և ռեկտորի տեղակալ, հավաքի հիմնադիր տնօրեն Գոռ Վարդանյանի, ՈւԽ նախագահը նշեց, որ այս տարի հավաքը բացառիկ է, քանզի այն կազմակերպվել է միայն Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար հաշվի առնելով համալսրանի հիմնադրման 85-րդ տարեդարձը: Գ.Հարությունյանը հավաքի մասնակիցներին մաղթեց միասնության ուժով, ոգով և առողջ մրցակցությամբ լի օրեր:

Օգոստոսի 27-ին հավաքի մասնակիցներին կայցելեն հասարակական, պետական, քաղաքական գործիչներ, համալսարանի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Հավաքի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Հիշեցնենք, որ հավաքի գաղափարական հենքը երիտասարդների մոտ հայրենասիրության, միասնության ու թիմային պայքարի գաղափարների սերմանումն ու զարգացումն է, նոր ունակությունների բացահայտումը, երիտասարդների ավելի ազատ միջավայրում շփումն ու աշխարհայացքի ընդլայնումը։ «Միասնության ուժը» ուսանողական երիտասարդական հավաքի կարգախոսներն են՝ «Հզոր ենք, երբ միասին ենք» և «Միասնությունը ուժ է»։

Այս տարի հաշվի առնելով նաև 2018 թվականի մեր պետականության համար կարևորագույն նշանակության հոբելյանները՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800, Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30 ամյակնները որոշում է կայացրել «Միասնության ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքի ճակատները անվանակոչել Արգիշտի արքայի (Կարմիր ճակատ), Արամ Մանուկյանի (Կապույտ ճակատ) և Ռոբերտ Աբաջյանի (Ծիրանագույն ճակատ):