«Միասնության Ուժ -2018» ուսանողական-երիտասարդական հավաքը շարունակվում է

«Միասնության Ուժ -2018» ուսանողական-երիտասարդական հավաքը շարունակվում է

Օգոստոսի 26-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մեկնարկեց «Միասնության ուժ-2018» երիտասարդական-ուսանողական հավաքը, որի նպատակն է  երիտասարդության շրջանում ազգային հերոսների կերպարները, ազգային արժեքները ու մեր պատմությունը քարոզելը:

Օգոստոսի 27-ին հավաքի մասնակիցներին այցելեցին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, հավաքի հիմնադիր տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Մասնակիցների գեղեցիկ ելույթները դիտելուց հետո Ոստանիկ Մարուխյանը, Գոռ Վարդանյանը և ճամբարի ճակատների ղեկավարները իրականացրեցին դրոշների բացման հանդիսավոր արարողությունը:

«Միասնության ուժ -2018» ուսանողական-երիտասարդական հավաքի ներկաներին ողջունեց և մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց ռեկտոր Ո. Մարուխյանը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Ողջունում եմ բոլոր ներկաներին, հատկապես արդեն առաջին կուրսեցու կարգավիճակ ունեցող պոլիտեխնիկցիներին: Ձեր մուտքը Պոլիտեխնիկ թող բարի լինի: Այս օրերը շատ կհիշեք, քանի որ այս ճամբարում շատ և շատ բարի գործեր են կատարվել: Այս ճամբարում իրենց մկրտությունն են ստացել  անձինք, ովքեր այսօր Պոլիտեխնիկի ղեկավար կազմի մեջ են և մեր պետության արտադրության ղեկավարներն են: Սա եղել է մի միջավայր, որտեղ ստեղծվել են ընտանիքներ… տա Աստված, որ առաջին անգամ այստեղ սիրահարվեք: Բարի ժամանց ձեզ:  Միասնական եղեք, քանի որ մենք հզոր ենք, երբ միասին ենք»:

Ներկաներին՝ «Արգիշտիներին», «Արամներին» և «Ռոբերտներին» ողջունեց նաև ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը: «Շատ ուրախ եմ, որ մեր համալսարանը և Ուսանողական խորհուրդը այս տարի ևս իրականացնում են «Միասնության ուժը» հավաքը: Եկեք փոքր պատմական ակնարկ կատարենք: Երեք տարի առաջ, երբ մտածում էինք այս միջոցառումը կազմակերպելու մասին, ուզում էինք, որ այն իր արժեքով լինի մնայուն և ժամանակի ընթացքում իր հետաքրքրությունը չկորցնի: Մեծ նշանակություն ունի միջոցառման անունը, որը լիովին արտահայտում է միջոցառման գաղափարը, քանի որ հենց միասնությունն է ուժ: Իսկ Պոլիտեխնիկի ուժը  համալսարանի Ավագ դպրոցի աշակերտներն են, Քոլեջի ուսանողներն են, բակալավրական, մագիստրոսական, հետազոտական կրթական ծրագրերով սովորող ուսանողները և, ինչու չէ, նաև ՀԱՊՀ մանկապարտեզի երեխաները, ովքեր, ամենայն հավանականությամբ, ապագա պոլիտեխնիկցիներ են: Այս տարի միջոցառումը իրականացնում ենք միայն մեր համալսարանի ուսանողների համար: Ծավալային իմաստով գուցե մասնակիցների քանակը նվազել է, բայց պոլիտեխնիկցիների մասնակցության տեսանկյունից ավելացել է: Բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը ունեցել է իր ռազմահայրենասիրական արժեքները տարածելու, ազգի հերոսներին ճանաչելու խնդիր: Մեր հավաքը հենց երիտասարդների միջոցով է կարողանում լուծել այդ խնդիրը: Վստահ եմ, որ վերջում, անկախ նրանից, թե որ ճակատը կհաղթի, հաղթելու է միասնության ուժը»: Գ. Վարդանյանը  ուսանողներին մաղթեց բովանդակալից ճամբարային օրեր և հետաքրքիր գաղափարներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը աջակցության համար, ՈւԽ նախագահը հավաքի բոլոր մասնակիցներին մաղթեց միասնության ուժով, ոգով և առողջ մրցակցությամբ լի օրեր: Գ. Հարությունյանը հույս հայտնեց, որ ուսանողները կրկին առիթ կունենան հանդիպելու բուհի ղեկավարության հետ:

Հավաքի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին: