Պոլիտեխնիկը հյուրընկալեց Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Պոլիտեխնիկը հյուրընկալեց Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Տամբովի պետական տեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի և ERASMUS+ «MARUEEB»  ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 27-ին Պոլիտեխնիկական համալսարանում էին Տամբովի պետական տեխնիկական համալսարանի 24 ուսանողներ և 4 դասախոսներ:

Թեև ՀԱՊՀ-ի և ՏՊՏՀ-ի միջև համագործակցությունն ընդամենը 2 տարվա պատմություն ունի, սակայն փոխադարձ այցելություններն ու մշտական կապը թույլ են տալիս ռուսական այս համալսարանը համարելու Պոլիտեխնիկի բարեկամ բուհերից մեկը:

Սեպտեմբերի 27-ին ՀԱՊՀ ղեկավարությունը և Ուսանողական խորհուրդը ջերմորեն ընդունեցին ՏՊՏՀ -ի պատվիրակությանը: ԷԷ ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը,   ողջունելով հյուրերին, նշեց, որ ընդհանուր շատ բան կա երկու բուհերի միջև. երկուսն էլ հեղինակություն վայելող բուհեր են ոչ միայն իրենց  երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս:

Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Մարիա Մանգասարովան գոհունակություն հայտնեց, որ Տամբովի պետական տեխնիկական համալսարանի դասախոսներն ու ուսանողները գտնվում են 85-ամյա Պոլիտեխնիկում, ինչը  պարտավորեցնող է: Նա նաև նշեց, որ բոլոր պայմանները կստեղծվեն ռուս ուսանողների համար, որպեսզի նրանք հարմարավետ զգան:

Այնուհետև ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, սլայդների տեսքով ներկայացրեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատմությունը:

Ըստ օրակարգի՝ հոկտեմբերի 2-ին, Պոլիտեխնիկում ուսանողների և ավագ դպրոցականների համար անցկացվեց է Ատոմային տեխնոլոգիաների օր, որին Տամբովի պետական տեխնիկական համալսարանի ուսանողները ևս մասնակցեցին: Երևանում առաջին անգամ անցկացված այս միջոցառումը նվիրված էր պոլիտեխնիկական համալսարանի 85֊-ամյակին։

Միջոցառումն անցկացվում էր ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության շրջանակներում: Մասնակցում էին Հայաստանի Կրթության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշառների նախարարությունների, Հայկական ԱԷԿ֊ի, միջազգային ճյուղային մասնագետները, ինչպես նաև  ռուսական և հայկական բուհերի դասախոսներ։

Միջոցառումն անցկացվեց յուրահատուկ ձևաչափով՝ մասնակիցներին սպասում էին  ինտելեկտուալ ժամանց,  հավելյալ իրականության ակտիվություններ։ Բոլոր ցանկացողները կատարեցին վիրտուալ շրջայց ատոմակայանով՝ VR֊ակնոցով, ուսումնասիրեցին հավելյալ իրականության ձևաչափով ԱԷԿ֊ի 3D մանրակերտը, մրցեցին են «ատոմային» սպրինտում: Միջազգային փորձագետների դասախոսությունների ժամանակ ապագա մասնագետները խորասուզվել են ատոմային գիտության և տեխնոլոգիաների աշխարհ, իմացել ավելին էներգետիկայում ատոմային տեխնոլոգիաների անվտանգության, ինչպես նաև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում ատոմի կիրառման մասին:

«Ատոմային տեխնոլոգիաների օրը» Հայաստանի ատոմային բնագավառի ապագա մասնագետներին հնարավորութուն տվեց ընդլայնել պատկերացումները    ժամանակակից անվտանգ ատոմային տեխնոլոգիաների մասին,  և թե ինչպես է ատոմային էներգետիկան օգնում կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ օգտագործման մասին։

«Ռոսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, Հայկական ԱԷԿ֊ շահագործման ժամկետի երկարացման ռուսական կողմից նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովն ընդգծեց, որ ատոմային էներգետիկայի կադրերի պատրաստումը Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության  կարևոր  ուղղություն է։ Նրա խոսքով, ամեն տարի «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներով օլիմպիադաներ են անցկացվում, որոնց հաղթողները    Ռուսաստանում «Ռոսատոմի» հիմունքային բուհեր ընդունվելու արտոնություններ են ստանում։

«Ատոմային էներգետիկան՝ հայաստանյան էներգետիկ համակարգի հիմնական բաղկացուցիչն է, Հայաստանի համար հիմնական գեներացիա։ Այսօր Հայկական ԱԷԿ-ում անցկցվում են արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետների երկարացման աշխատանքներ: «Ռոսատոմ»֊-ի ծրագրով ուսուցումը հրաշալի հնարավորություններ է ստեղծում ատոմային ոլորտում աշխարհում լավագույն կրթությունը ստանալու, պրոֆեսիոնալներից սովորելու, ատոմային առաջատար օբյեկտներում փորձաշրջանն անցնելու և հետագա մասնագիտական հեռանկարները բացահայտելու համար», ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը։

Յոթօրյա այցի ընթացքում Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությունը եղավ Մատենադարանում, Գառնի-Գեղարդում, Սևանում, Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարաններում: Եղան Պոլիտեխնիկի մի շարք լաբորատորիաներում, հանդիպեցին ուսանողական և դասախոսական համակազմին: ՌԴ-ից ժամանած ուսանողները ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հագեցած անցկացրեցին նաև իրենց ակտիվ ժամանցը ՝ խաղալով մի շարք սպորտային խաղեր ՀԱՊՀ ուսանողների հետ։

Հոկտեմբերի 4-ին ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը   ՏՊՏՀ ուսանողների հետ կնքեց հուշագիր, ըստ որի՝ երկու բուհերը կիրականացնեն համատեղ աշխատանքներ, փորձի փոխանակում ուսանողների միջև, որն էլ կհանդիսանա նորանոր, ավելի արդյունավետ համագործակցությունների հիմք։
ՌԴ-ից ժամանած ուսանողները ծրագրին մասնակցելու համար ՀԱՊՀ ղեկավարության կողմից ստացան սերտիֆիկատներ։

Հավելենք, որ ռուս հյուրերը հիացած էին ոչ միայն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ջերմ ընդունելությամբ ու հայկական հյուրասիրությամբ, այլև մեր ժողովրդի պարզ, բարի ու անմիջական վերաբերմունքով: