Պոլիտեխնիկը ամփոփեց հոբելյանական տարին

Պոլիտեխնիկը ամփոփեց հոբելյանական տարին

Դեկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմակերպած «Ամանորը Պոլիտեխնիկում» խորագրով  տոնական «Պոլիտեխնիկական  մրցանակաբաշխություն-2018»-ը: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, «Յուքոմ» ընկերության ղեկավար, Պոլիտեխնիկի շրջանավարտ Հայկ Եսայանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ։ Մրցանակաբաշխության անվանակարգերն էին՝ «Լավագույն գործընկեր կազմակերպություն», «Հասարակական լավագույն ակտիվություն», «Լավագույն մարզիկ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Քոլեջի լավագույն ուսանող» և Ավագ դպրոցի «Լավագույն աշակերտ»։ Մրցանակները հանձնեցին ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, պրոռեկտոր Ռ.Աղգաշյանը, ՀՈւԱԱ-ի փոխնախագահ Ս.Ասատրյանցը, Քոլեջի տնօրեն Է.Էլբակյանը, Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը և ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Ո.Մարուխյանը: Շնորհավորելով ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով, ռեկտորը խոսեց Պոլիտեխնիկական համալսարանի անցնող տարվա ձեռքբերումների և ապագա անելիքների մասին: «Ավարտին է մոտենում 2018-ը՝ «Պոլիտեխնիկ»-ի կյանքում բազմաբնույթ իրադարձություններով, միջոցառումներով առլեցուն տարին՝ հաստատության հիմնադրման 85-րդ հոբելյանական տարեդարձով: Հետահայաց արժևորելով անցնող տարին, կարող ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ մեր համալսարանի համար այն ձեռքբերումների ու արգասաբեր տարի էր»,-նշեց Ո.Մարուխյանը:

Այնուհետև ռեկտոր Ո.Մարուխյանը համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ, համալսարանի հետ գործընկերային հարաբերությունների խորացման, նոր ներդրումների և աջակցման համար, Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի Ոսկե հուշամեդալով պարգևատրեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանին: Շնորհակալություն հայտնելով, Հայկ Եսայանը ներկայացրեց «Յուքոմ» ընկերության կատարած աշխատանքը, գործընկերային կապը համալսարանի հետ: «Ինձ համար մեծ պատիվ է, լինելով Պոլիտեխնիկցի արժանանալ համալսարանի բարձրագույն պարգևին: Մեդալ ստանալը ոչ միայն հաճելի է այլև պարտավորեցնող»,-ասաց Հ.Եսայանը:

«Պոլիտեխնիկ մրցանակաբաշխության» արդյունքներով «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մկրտիչ Հարությունյանը, «Լավագույն բակալավր» ճանաչվեց՝ Անի Սիմոնյանը, «Լավագույն մագիստրոս»՝ Տաթևիկ Ավետիսյանը, «Քոլեջի լավագույն ուսանող»՝ Ռաֆայել Սահակյանը, «Լավագույն ինժեներ»՝ Արթուր Դավթյանը և «Լավագույն մարզիչ»՝ Աննա Պողոսյանը: Հաղթողները պարգևատրվեցին ՀԱՊՀ-ի Ուսխորհրդի Ոսկե հուշամեդալներով, իսկ անվանակարգերում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։ «Հասարակական լավագույն ակտիվություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Դռնոյանը:

Մրցանակաբաշխության ժամանակ 10 ուսանողների շնորհվեցին ՀԱՊՀ ՈւԽ-ի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներ, որով պարգևատրվում են այն ուսանողները, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը:

Սպիտակ դիպլոմները ուսանողներին հանձնեց ՀԱՊՀ-ի ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը։

Շնորհավորական ուղերձներից, շնորհակալական խոսքերից և պարգևատրումներից հետո միջոցառման մասնակիցները ունկնդրեցին «Պոլիտեխնիկ» բենդի ելույթները։