Բադմինթոնի ներբուհական առաջնություն Պոլիտեխնիկում

Բադմինթոնի ներբուհական առաջնություն Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվում են ՀԱՊՀ ՈւԽ Սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող սպորտային առաջնությունները։ Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀԱՊՀ 21-րդ մասնաշենքի դահլիճում առաջին անգամ տեղի ունեցավ ներբուհական բադմինթոնի առաջնություն։ Բադմինթոնը ստեղծվել է 1800-ական թվականների կեսերին, Հնդկաստանում՝ բրիտանացի ռազմական աշխատակիցների կողմից։ Հայաստանում այս սպորտաձևը դեռևս զարգացման փուլում է։ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ. Երևանում: Նույն թվականին ֆեդերացիան ճանաչվել է Բադմինթոնի միջազգային միության (EBU) և Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի (IBF) անդամ: Նշենք նաև, որ Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան 2006թ. վերանվանվել է Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիա (BWF): Պոլիտեխնիկը միշտ է աչքի ընկել իր բազմակողմանի զարգացած ուսանողներով և այս դեպքն էլ բացառություն չէ, քանզի ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողուհի Մարիետա Նիկոյանը 2017 թվականին դարձավ Հայաստանի պատանեկան չեմպիոն և՛ մենախաղերում, և՛ զուգախաղերում, ով անհատապես իր փորձով կիսվեց բոլոր մասնակիցների հետ։ Պոլիտեխնիկցիներն այսօր իրենց ուժերը փորձեցին այս սպորտաձևում՝ ձևավորելով 3 հոգանոց 8 թիմեր։ Մասնակից թիմերը տարբեր ֆակուլտետների/ինստիտուտների ուսանողներն էին։ Թիմերից մեկը ձևավորված էր ՀԱՊՀ ՈւԽ նախագահության անդամներից։ Մարտական տրամադրվածությամբ և առողջ մրցակցությամբ, բոլոր մասնակիցները ներդրեցին իրենց ուժերը թիմին հաղթանակ բերելու և լավագույնս ներկայանալու համար։ Թեժ և լարված պայքարի արդյունքում ստացանք հետևյալ արդյունքը․ Առաջին տեղ՝ նախագահության անդամներ. մասնակիցներ՝ Միքայել Մարտիրոսյան, Գոռ Մեշինյան, Ազատուհի Չախոյան: Երկրորդ տեղ՝ ՏՀՏԷ Ինստիտուտ / Կիբեռնետիկա / Մասնակիցներ՝ Էմիլ Հակոբյան, Նոնա Հակոբյան, Մարի Ղուկասյան: Երրորդ տեղ՝ ՏՀՏԷ Ինստիտուտ / Ռադիոտեխնիկա / Մասնակիցներ՝ Նարեկ Վելիցյան, Տիգրան Հարությունյան, Վերժինե Պիպոյան Այս սպորտաձևը ևս սիրվեց Պոլիտեխնիկցիների կողմից։ Խաղի ավարտին ՀԱՊՀ ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը պատվոգրեր հանձնեց լավագույն եռյակի մասնակիցներին, մաղթելով նրանց բարձր առաջխաղացում։