Շախմատի միջբուհական մրցաշար [Օր առաջին]

Շախմատի միջբուհական մրցաշար [Օր առաջին]

Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջբուհական շախմատի մրցաշարը՝ նվիրված Ուսանողական խորհրդի 25 ամյակին և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90 ամյակին։ Պետրոսյանին անվանում էին «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Շախմատը բնորոշ է հայկական մտածելաձևին, մեր երիտասարդները ակտիվորեն ներգրավված են գրեթե բոլոր կայանալիք միջոցառումներին և շատ բարձր ցուցանիշներ են ցուցաբերում նաև միջազգային հարթակներում։

Այսօրվա մրցաշարին մասնակցում էին 9 բուհ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Մրցաշարը բաղկացած է 2 փուլից: Հունիսի 13-ին առաջին փուլով 9 թիմերը բաժանվեցին 3 խմբերի և մրցակցեցին խմբերում հաղթողի կոչման համար: Խմբերում առաջին հորիզոնականներ զբաղեցրած թիմերը ՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հունիսի 14-ին պետք է վիճարկեն մրցաշարի հաղթողի կոչումը: Ուսանողները միշտ էլ շախմատի ոլորտում ունեցել են ակտիվություն և ոգևորվածություն, և դրա վառ ապացույցն էլ մասնակիցների մեծ քանակն էր: Շնորհավորում ենք առաջնության առաջին օրվա առթիվ և մաղթում ենք հաջողություն հետագա փուլերում: Հուսով ենք, որ միջոցառման երկրորդ օրը կանցնի ոչ պակաս հագեցած և հետաքրքրի բոլորի համար։