«Beengineer-2021» ուսանողական-գիտական,միջբուհական կոնֆերանս

«Beengineer-2021» ուսանողական-գիտական,միջբուհական կոնֆերանս

2021 թվականի հուլիսի 1-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը։
Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ  Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Ոսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։
Ողջունելով ներկաներին, գիտական կոնֆերանսի աշխատանքներին բարեհաջող ընթացք և գիտական առողջ բանավեճ մաղթեց ռեկտոր Գ․ Վարդանյանը։  «Տեսնում եմ, որ շատ լուրջ եք տրամադրված նոր մտքերի փոխանակման և նոր գաղափարների քննարկման համար։  Վստահ եմ, որ գիտաժողովի կազմկոմիտեի անդամները այդ հարցում ձեզ աջակից են լինելու։ Պոլիտեխնիկական համալսարանը մշտապես ողջունում է երիտասարդ գիտնականների կողմից գիտական միջոցառումների կազմակերպումը։ Մենք պատրաստ ենք խրախուսել և աջակցել այդ աշխատանքներին, քանի որ ձեր և ձեր կատարած աշխատանքների արդյունքում ապագայում կունենանք որակյալ գիտություն, իսկ մեր գիտահետազոտական լաբորատորիաները, կենտրոնները կհամալրվեն երիտասարդ գիտնական մասնագետներով»,-նշեց Գ․ Վարդանյանը։ Ռեկտորը վստահություն հայտնեց, որ գիտաժողովում ուսանողների և հանձնաժողովի անդամների համատեղ քննարկումները, ապագայում նոր և ավելի լուրջ գիտական աշխատանքների սկիզբ կլինեն։
Ներկաներին ողջունեց նաև  ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ կոնֆերանսի ընթացքում վստահաբար կլինեն հետաքրքիր և բովանդակային հոդվածների ներկայացումներ և քննարկումներ, որոնք կդիտարկվեն և կգնահատվեն հանձնաժողովի կողմից: Ըստ ՀԱՊՀ  ՈՒԽ նախագահ Գ․ Հարությունյանի գիտաժողովի նպատակն է քննարկել Տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և դիզայնի, տնտեսագիտության, նորարարության, պատրաստի արտադրանքի ոլորտներին վերաբերվող գիտական աշխատանքները: «Մեր նպատակն է ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին հնարավորություն տալ գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման «BeEngineer» ուսանողական գիտական ամսագրում՝ նպաստելով մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին։ Հարկ եմ համարում նշել, որ մայիս ամսին կայացած գիտաժողովի արդյունքում արդեն տպագրության է ներկայացված «BeEngineer» ուսանողական գիտական առաջին ամսագիրը», – նշեց Գ․ Հարությունյանը։
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Հայ-ռուսական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Գիտաժողովի  կազմկոմիտեի անդամներն են՝ Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը, Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս Ելենա Պետրոսյանը, ՏՀՏԷ ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գեղամ Կարոյանը և Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման ամբիոնի տ․գ․թ․, դոցենտ Անի Ավագյանը։

Առաջինը «Ակադեմիական բարեվարքություն» թեմայով բովանդակային և հետաքրքիր զեկույցով  հանդես եկավ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա․ Գրիգորյանը։ Նա մանրամասն խոսեց գիտական հրապարակման հեղինակների և գրախոսների գործունեության սկզբունքների մասին։ Նշեց, որ հեղինակը, կամ հեղինակային խումբը պետք է գիտակցի, որ ինքն է կրում առաջնային պատասխանատվություն գիտական հետազոտության արդյունքների նորության և հավաստիության համար։
Պրոռեկտոր Ա․Գրիգորյանի զեկույցից հետո, հաջորդաբար լսվեցին ուսանողների զեկուցումերը։

Հուլիսի 2-ին կոնֆերանսի մասնակից ուսանողները կշարունակեն ներկայացնել իրենց գիտական հոդվածները, որոնք հանձնաժողովի կողմից կարժանանան համապատասխան գնահատականի, խորհրդի և դիտողությունների։ «BeEngineer» ուսանողական գիտաժողովը իր բնույթով համալսարանի ուսանողական-գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին յուրահատուկ հաշվետվություն է։
«BeEngineer» ուսանողական գիտաժողովը հիմնադրվել է 2014 թվականին Ուսանողական խորհրդի 20-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակում։ Դեռևս 2014 թվականին Ուսանողական Խորհրդի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբը «BeEngineer» խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսի խորհրդանիշ էր ընտրել դեպի բարձունք ձգտող ջանասեր մեղուն:
Հուլիսի 2-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ուսանողական խորհրդի կողմից հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի մասնակիցներին:
Շնորհակալություն հայտնելով գործընկեր բուհերի ուսանողներին և գիտաժողովի մասնակիցներին` Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց ընթացքից։ «Նախ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կազմկոմիտեի անդամներին և բոլոր բուհերի ուսանողներին իրենց մասնակցությունն ու հետաքրքրությունը ցուցաբերելու համար։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին տեխնոլոգիական բուհի հետ շարունակական համագործակցության պատրաստակամության համար։ Գովելի է այն փաստը, որ ինստիտուտի ուսանողները չորս տարի անցնելով ծառայություն, ստանձնում են մեր հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը, միաժամանակ ակտիվ ներգրաված լինելով գիտական ոլորտում։»,-նշեց Գ․Հարությունյանը։
Ուսանողական խորհրդի նախագահի խոսքով գիտական կոնֆերանսը մի հարթակ է, որտեղ տարբեր կուրսի ուսանողները հնարավորություն են ունենում խոսել գիտական ոլորտում իրենց հետաքրքրությունների և մոտեցումների մասին։
Կարևորելով գիտաժողովի նշանակությունը` Գիտաժողովի  կազմկոմիտեի անդամ, Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը, ընդգծեց միջբուհական գործակցության անհրաժեշտությունը նաև ուսանողական գիտաժողովների ձևաչափով, ինչին, նրա խոսքով, միտված էր նաև այս կոնֆերասնը։ «Իմ գնահատականը գիտաժողովի անցկացման վերաբերյալ միանշանակ դրական է, կարծում եմ, որ պարբերականությունը պետք է ավելի հաճախակի դարձնել, որովհետև դա հնարավորություն է տալիս ոչ միայն Պոլիտեխնիկի ուսանողներին, այլև մյուս մասնակից բուհերի ուսանողներին ծանոթանալ միմյանց հետ, տեղեկանալ նոր գաղափարների մասին։ Դա նաև ոչ ֆորմալ պայմաններում ինքնադրսևորման և ինքնակայացման խնդիր է լուծում։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր կողմից կատարվում է հնարվոր ամենը, ուսանողներին ճիշտ խորհուրդներ տալու համար։ Բացի այդ մեզ համար էլ է շատ հետաքրքիր, քանի որ ծանոթանում ենք բազմաթիվ նոր գաղափարների հետ։», – նշեց Վ․ Պետրոսյանը։
«BeEngineer» ուսանողական գիտաժողովը իր բնույթով համալսարանի ուսանողական-գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին յուրահատուկ հաշվետվություն է, որտեղ հանձնաժողովի կողմից հավանություն արժանացած հոդվածները տպագրվում են ուսանողական գիտական ամսագրում։